Սինգագյուղի աշտարակի վերանորոգում
Ծրագրի նպատակն է վերականգնել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի կենտրոնում գտնվող «Սիլոսի աշտարակը» (կամ «Սիլոսի հորը»): Այս աշտարակները գյուղերում կառուցվել են անցած դարի կեսերին՝ կենդանիների համար սիլոսի մթերման նպատակով: Այժմ ՀՀ գյուղերում դրանք ըստ նշանակության չեն օգտագործվում: Սեմյոնովկան գտնվում է Արեգունի և Գեղամա լեռների մեջտեղում, ծովի մակարդակից 2114 մետր բարձրության վրա: Ունի 299 բնակիչ, 49 տնտեսություն: Կլիմայական ցուրտ պայմանների պատճառով հողագործությունը զարգացած չէ, բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, իսկ Դիլիջանի թունելի կառուցումից հետո գյուղն ընդհանրապես մեկուսացել է միջպետական և հանրապետական ավտոճանապարհներից: Գյուղն ունի դպրոց, աշխատասեր երիտասարդություն, բայց չունի ակտիվ համայնքային կյանք, որովհետև չկա նույնիսկ սովորական հավաքատեղի՝ «գյուղամեջ» կոչվածը:
Վերականգնելով շինությունը և կատարելով որոշ կոսմետիկ փոփոխություններ՝ «Սիլոսի աշտարակը» կդարձնենք գյուղի կենտրոնական լուսավոր հատվածը, որի շուրջը հետագայում կարող ենք նաև պուրակ կառուցել: Շինության վերականգնումը բնակիչներին հնարավորություն կտա ունենալու նաև մի վայր, որտեղ կանցկացվեն մշակութային միջոցառումներ, համայնքի բնակիչները կկարողանան հավաքվել, ինչը հիմք կտա համայնքային միասնականության վերականգնմանը։
Համայնքը հանդիսանում է դեպի Դիլիջան տանող այլընտրանքային ճանապարհ, ունի մեծ ներուժ դառնալու զբոսաշրջիկների համար գրավիչ այցելավայր։ Եթե համայնքի կենտրոնում (նախկին մայրուղու անմիջապես հարևանությամբ) ունենանք վերականգնված և լուսավորված աշտարակ, ապա դեպի Դիլիջան, Վրաստան գնացող զբոսաշրջիկների մի մասը ճանապարհը 15-20 րոպեով պատրաստ կլինի երկարեցնել՝ աշտարակը տեսնելու համար: Այն էականորեն կաշխուժացնի գյուղական կյանքը: