"Երևան – ստրատոսֆերա"
«Երևան – ստրատոսֆերա» նախագծի նպատակն է իրականացնել օդապարիկի թռիչք դեպի ստրատոսֆերա` մինչև 30-35 կմ բարձրություն (ժամանակակից քաղաքացիական ինքնաթիռներից 3 անգամ ավելի բարձր), որտեղ գտնվում է օզոնի շերտի վերին սահմանը:
Վերելքի ընթացքում սարքերի միջոցով գրանցվելու են մթնոլորտային պայմանների բնութագրերը, ռադիոկապով հաղորդվելու են Երկիր և գրանցվելու արդյունքների ֆայլում, ինչպես նաև կատարվելու է օդապարիկից ներքև և շուրջը երևացող տեսարանների տեսագրում և գրանցում հիշասարքում: Ի վերջո, օդապարիկը հասնելու է մթնոլորտի այնքան ցածր ճնշումով շերտի, որ ներքին ճնշումից պայթի։ Տեսագրող համակարգն անջատվելու է և պարաշյուտով վայրէջք կատարելու, ինչից հետո GPS տեղորոշման սարքով գրանցելու է իր կոորդինատներն ու բջջային կապով հաղորդելու մեզ: Որոնող խումբը մեկնելու է վայրէջքի վայրը և վերցնելու տեսագրությունը:
Օդապարիկի արձակումն ու ստացվող տվյալներին հետևելը արվելու է Երևանի աերոլոգիական կայանում՝ «ԱՅԱՍ» Ընկերության անդամների, սաների և հրավիրված 10-17 տարեկան հետաքրքրվող սովորողների՝ թվով շուրջ 300 հոգու մասնակցությամբ։ Ամենից ակտիվ աշակերտները որպես հետազոտական աշխատանք մասնակցելու են սարքավորման, ծրագրային ապահովման և արդյունքների մշակմանը:
Ձեռք բերված փորձը հետագայում կօգնի նման թռիչքներով լուծել Հայաստանի համար կարևոր կիրառական խնդիրներ (գյուղատնտեսական, բնապահպանական և այլ իրավիճակների վերահսկողություն):
Ծրագիրն իրականացվելու է 2020 թ. ապրիլին: