«Արի՜» հակասրճարան
Մեր զիլ գաղափարը առաջացավ մեկ տարի առաջ, երբ գիտակցեցինք գյուղի դերը մեր կյանքում և սկսեցինք նկատել տեղի խնդիրները։ Գյուղը լքում են, պատճառաբանելով, որ այստեղ չկա բավարար կառույցներ՝ զարգանալու, ժամանակ անցկացնելու համար, իսկ մեծ քաղաքներում կա։Գիտակցելով այս հիմնախնդրի մեծությունը հանգեցինք հակասրճարանի ստեղծմանը։ «Արի՜»ն հակասրճարան է, որի նպատակն է մեկ տարվա ընթացքում Դամալա գյուղում նոր հետաքրքրություններ մտցնելը, ժամանցային, զարգացնող վայր ունենալն ու Դամալայի երիտասարդներին ակտիվացնելը՝ համայնքի զարգացմանը ուղղված միջոցառումներին, նախագծերին մասնակցելու և նախաձեռնող դառնալու համար։
Հակասրճարանի բնույթը նրանում է, որ գյուղի ուսանող, աշխատող երիտասարդները, գյուղացիները հնարավորություն կունենան աշխատել ու սովորել հաճելի ու ներդաշնակ միջավայրում։ Գյուղացիները կկարողանան իրենց ազատ ժամանակը անցկացնել հակասրճարանում՝ գրքեր կարդալով, սեղանի խաղեր խաղալով ու հայրենանվեր գործեր քննարկելով։
Այն նախնական բաղկացած է լինելու երկու հատվածից՝ Co-working և Relax:
Co-working մասը նախատեսված է լինելու այն մարդկանց համար, ովքեր ցանկանում եմ հանգիստ միջավայրում աշխատել, սովորել կամ մասնակցել տարբեր քննարկումների։ Այն ապահովված կլինի հարմարավետ աթոռներով, բազկաթոռներով, հանգիստ երաժշտությամբ, համապատասխան գրքերով և հյութ/սուրճ/ջուր/քաղցրավենիքներով։ Լրացուցիչ կտրամադրվի նոթատետր, գրիչ և մատիտ։ Հաճելի մթնոլորտը պահելու համար պատերը զարդարված կլինեն մոտիվացնող տողերով, հաջողության հասած մարդկանց խոսքերով և բառերով։ Այս ամենը կնպաստի լավագույնս աշխատելու և սովորելու վրա։
Relax հատվածը ամբողջապես հատկացվելու է հանգստին։ Այս մասում կլինի մեծ գրադարան, սեղանի խաղեր, երաժտություն, փափուկ «պուֆիկներ», տարբերվող նստատեղեր, ջուր/հյութ/սուրճ/քաղցրավենիքներ և ամեն ինչ, ինչ հարկավոր է դրսի ամբոխից հանգստանալու և հանգստին մատնվելու համար։ Այս հատվածը նախատեսված է բոլորի համար, ցանկացած տարիքի մարդ կարող է իր ժամանակն անցկացնել այստեղ, օգտվել մեր ծառայություններից, կարդալ իր ցանկալի գիրքը գրքային և օնլայն տարբերակով։