ՆորՇենԼաբ - 2՝ «Ճանաչի՛ր մարմինդ»
Վա՜խ, կողքս ցավում է...: Էստեղ ո՞ր օրգանն է՝ կույրաղի՞ք, լյա՞րդ, լեղապա՞րկ: Դե իհարկե՝ այդպես էլ հստակ չգիտենք, որովհետև դպրոցում լավ չեն սովորեցրել ու միշտ հարցնում ենք մեծերին, բայց էլի մոռանում: Մեծերն էլ իրենց հերթին սովորում են օրգանների ճիշտ տեղը, երբ խնդիր են ունենում:
Կրթության մեջ ևս մեկ նորարարություն անելու և օրգանների դիրքի ուսուցումն ավելի տպավորիչ ու արդյունավետ դարձնելու համար կստեղծենք մարդու մակետ, որն ամբողջությամբ թափանցիկ կլինի և ներսի օրգանները հստակ կերևան: Օրգաններից յուրաքանչյուրի մեջ կտեղադրվի լույս, մակետի կողքին կլինի վահանակ, որտեղ կլինեն բազմաթիվ սեղմակներ՝ յուրաքանչյուրի կողքին համապատասխան օրգանի անունը: Սեղմակը սեղմելիս օրգանը մակետի վրա կլուսավորվի, որը կդարձնի օրգանի տեղը տեսանելի և տպավորիչ: Մակետը տեղադրված կլինի բոլորին հասանելի վայրում և յուրաքանչյուր աշակերտ անգամ դասամիջոցին հնարավորություն կունենա օգտվել այս հետաքրքիր և խաղային մեթոդով իր մարմինը ճանաչելու հնարավորությունից:
Գաղափարի իրականացումը կօգնի ոչ միայն անձնակազմին ճանաչել սեփական մարմինը, այլև հետաքրքիր կդարձնի անատոմիայի դասընթացները:
Իսկ պատրաստման ամբողջ գործընթացը կիրականացնենք մենք՝ աշակերտներս, որի ընթացքում էլ կկատարելագործենք մեր ֆիզիկայի, մոդելավորման և ծրագրավորման գործնական գիտելիքները և այն կդառնա մեր դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հերթական ձեռքբերումը, ինչպես նաև դետալների մի մասը կպատրաստենք մեր լաբորատորիայի հաստոցներով: