Բացօթյա պարահրապարակ Նոր Բրաջուրի երեխաների համար
Նոր Բրաջուրը Արցախի Հանրապետության ամենաակտիվ համայնքներից մեկն է՝ չնայած այն հանգամանքին, որ կարծես աշխարհից կտրված վայրում լինի: Այստեղի դպրոցահասակ երեխաների ուղիղ կեսը (20-ը) սիրում են պարել հայ ազգային պարեր, սակայն դրա համար նախատեսված համապատասխան վայր չունեն: Նրանք ստիպված են պարապել փոքրիկ դպրոցի առավել փոքրիկ սենյակներից մեկում, որտեղ միաժամանակ դպրոցի գրադարանն է: Մոտակա համայնքների (Նոր Գետաշեն, Նոր Վերինշեն) երեխաները նույնպես ցանկանում են պարել սովորել, սակայն տեղի բացակայության պատճառով նրանք զուրկ են մնում այդ հաճույքից:
Գյուղում կա պարուսույց, ով անվճար հիմունքներով երեխաներին է փոխանցում դարերի, հազարամյակների խորքից մեզ ավանդված պարերը։
Անցած տարի Սուրբ Զատիկի տոնին մեծ թվով մարդիկ Դադիվանքի հոգևորական համալիրում վայելեցին Բրաջուրի երեխաների անզուգական ելույթները, սակայն ոչ ոք անգամ պատկերացում չուներ, թե ինչպիսի պայմաններում են նրանք պարել սովորում: Իմ արշավներից մեկի ժամանակ նրանք ինձ հյուրնկալեցին իրենց գյուղում, և ես իմ աչքերով այդ ամենը տեսա:
Այս տարի երեխաները որոշել են մայիսյան եռատոնին նվիրված մեծ միջոցառում կազմակերպել, այդ կապակցությամբ ես ու Բրաջուրի համայնքապետը ցանկանում ենք անակնկալ մատուցել երեխաներին և նրանց համար համայնքում 5x7մ չափերով բացօթյա պարահրապարակ կառուցել Տրտու գետի ափին: Այդտեղի եղանակային պայմանները թույլ են տալիս, որ գարնան հենց սկզբից մինչև խոր աշուն բացօթյա դասեր անցկացվեն։
Հայաստանում նման պարահրապարակների դեռ չեմ հանդիպել, սակայն վստահ եմ, որ շատ հետաքրքիր նորություն կլինի: Բնակիչները երեկոյան ժամերին կհավաքվեն և կպարեն ուժերի սպառման աստիճան:
Համայնքի բնակիչները պատրաստ են ինքնուրույն կատարել ամբողջ շինարարական աշխատանքները:
Նշեմ նաև, որ Նոր Բրաջուրով է անցնում Քարվաճառյան հայտնի «Ջերմաջուր» տանող ճանապարհը, իսկ այնտեղ գնալիս, եթե կայանեք այս համայնքում, երեխաները իրենց ազգային պարերով հաճելի անակնկալ կմատուցեն ձեզ: