Պարիսպ, ցանկապատ, մարզահրապարակ Պուշկինոյի դպրոցին
Այս նախագծով ցանկանում եմ Լոռու մարզի Պուշկինոյի հիմնական դպրոցի միանգամից մի քանի խնդիրների լուծում տալ: Ծրագիրը բացի գեղագիտական կողմից նաև շատ օգտակար և արդյունավետ կլինի: Ծրագրով նախատեսվում է`
1. Կառուցել ցանկապատ: Ներկայումս դպրոցը չունի ցանկապատ, ինչի պատճառով մեզ մոտակա արոտավայրերից հաճախ հյուր են գալիս կովեր և ոչխարներ)) Ցանկապատի կառուցումը կդարձնի դպրոցի տարածքը առավել ապահով և անվտանգ: Ցանկապատը նախատեսում եմ կառուցել գեղեցիկ լուծումներով և գունային բազմազանությամբ, իհարկե դպրոցին համահունչ: Օրինակ դուռը կլինի մատիտների տեսքով:
2. Պարիսպի գունավորում և նկարազարդում: Դպրոցի տարածքը ունի մոտ 25 մ երկարության պարիսպ, որը շատ անմխիթար և անհրապույր տեսք ունի: Նախատեսում եմ գունավորել պատը և նկարազարդել դպրոցական թեմատիկ նկարներով:
3. Դարպասի վերանորոգում: Այժմ դարպասը վնասված վիճակում է, ինչի պատճառով միշտ բաց է) Կվերանորոգենք և վերջապես կփակենք այն)
4. Ֆուտբոլի դաշտի բարեկարգում: Կկատարենք ֆուտբոլի դաշտի հարթեցում, խոտի ցանում և գծանշումներ: Եվ այլևս երեխաները, ովքեր գրեթե ամեն օր ֆուտբոլ են խաղում, չեն վիճի գնդակն անցել էր գծից, թե չէ)
5. Վոլեյբոլի խաղահրապարակի բարեկարգում: Կտեղադրենք ցանց, որպիսի երեխաները շարունակեն վոլեյբոլ խաղալ, բայց արդեն ցանցով)
6. Մարզահրապարակի կառուցում: Նախատեսում եմ կառուցել մարզահրապարակ, որտեղ կլինեն պտտաձողեր, «բոքսի տանձիկ», ցատկահրապարակ:
7. Արահետի կառուցում: Մայրուղուց մինչև դպրոցի շենք երեխաները կհասնեն գեղեցիկ ու հարմարավետ քարե արահետով:
8. Նստարանների տեղադրում: Ֆուտբոլի երկրպագուները խաղերը դիտելիս այլևս չեն հոգնի ու խաղի կեսից չեն գնա տուն, այլ հարմարավետ նստարանների վրա կվայելեն ամբողջ խաղը: