Ջուրը կարևոր է դպրոցում - Շիրվանզադե դպրոց
Մեր հիանալի նախագիծն իրականում շատ պարզ է, այդ պատճառով էլ հիանալի է: Ահա, թե ինչ ենք մենք ուզում անել:
Շիրվանզադե դպրոցի միջանցքներում և սպորտ դահլիճի մոտ նախատեսում ենք տեղադրել չժանգոտվող պողպատից ցայտաղբյուրներ, որոնք կառավարվում են ոտքի սեղմակով, իսկ իրենց կառուցվածքը թույլ չի տալիս, որ ջուրը դուրս հոսի և թրջի շուրջբոլորը:
Ինչո՞ւ ենք ուզում իրականացնել այս նախագիծը: Բանն այն է, որ երեխաները դպրոցում ջուր կարող են խմել սանհանգույցի ծորակից: Սակայն տարբեր պատճառներով (տհաճ ու ոչ մաքուր միջավայր, մաքուր բաժակի բացակայություն, բանալիով փակ դուռ, հեռավորություն և այլն) նրանք խուսափում են օգվել սանհանգույցից և դպրոցում ջուր խմելու հարցը լուծում են տանից ջուր տանելու միջոցով:
Եթե դպրոցի միջանցքներում տեղադրված լինեն ցայտաղբյուրներ, ապա
1. ջուրը հասանելի կլինի երեխաների համար,
2. ջուրը կլինի մաքուր, սանհանգույցի տհաճ հոտերից զերծ միջավայրում,
3. ջուր խմելու համար հարկավոր չի լինի ունենալ բաժակ կամ շիշ
4. երեխաները ստիպված չեն լինի իրենց հետ ջուր բերել դպրոց և չեն ծանրացնի իրենց՝ առանց այդ էլ բավականին ծանր դպրոցական պայուսակները: Բացի այդ, շշով ամեն օր ջուր տանելը մեծացնում է պլաստիկի օգտագործումն ու թափոնների առաջացումը:
5. պարբերաբար ջուր խմելը սովորություն կդառնա երեխաների համար՝ այդպիսով նպաստելով նրանց ընդհանուր առողջությանը և ծարավի զգացողության պահպանմանը:
Շիրվանզադե դպրոցում կատարված աշխատանքը կլինի ՛՛Ջուրը կարևոր է դպրոցում՛՛ արշավի պիլոտային նախագիծը, որի արդյունքների հիման վրա մեր ՀԿ-ն կկարողանա այլ դպրոցներում ևս առաջարկել նման ցայտաղբյուրների տեղադրումը երեխաների ամենօրյա բարեկեցությունը բարձրացնելու նպատակով: Լուծումը շատ պարզ է, միևնույն ժամանակ նաև շատ կարևոր, քանի որ այս խնդրին բախվում է յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր օր դպրոցում: Պարզապես հիանալի կլինի հետևել և իրականություն դարձնել այս փոփոխությունը դպրոցում: