ՎԵՐԱՆԴԱ
Մենք Հայաստանի ամենահարավում` Մեղրի քաղաքում ենք: Բնիկ մեղրեցիներ Խաչիկյանների Խաչաց Տանը, որը Մեղրիի ամենահին պահպանված տունն է։ Գտնվում է քաղաքի ամենահին՝ Փոքր Թաղի բարձրունքին։ Ըստ կադաստրի թվագրվում է 1820թ,, ըստ տոհմածառի՝ կես հազարամյակ։
Խաչաց տունը կարևորագույն ներդրում և արժեք ունի քաղաքի և տարածաշրջանի մշակութային զարգացման տեսանկյունից, քանի որ պահպանել է բնիկների ավանդույթները, խոհանոցի գաղտնիքները, ժառանգությունը։ Խաչաց Տունը նշանավոր և կարևորագույն վայր է տուրիզմի զարգացման համար։
Նախատեսում ենք, Խաչաց Տան մեծ վերանդայում ստեղծել բաց հարթակ - թեյարան, որի հիմնական գաղափարն է ստեղծել մի տարածք, որտեղ տեղի երիտասարդները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, մասնակցել տարբեր աշխատարանների (workshop), կազմակերպել կինոդիտումներ, երաժշտական, գրական երեկոներ, թեյախմություններ։ Տարածքը կծառայի նաև մասնագիտական քննարկումների և դասընթացների համար։ Տարածքում կգործի նաև փոքրիկ գրադարան։ Տարածքում կլինեն նաև տարբեր երաժշտական գործիքներ՝ ազատ օգտագործելու համար։ Մեղրիի երիտասարդները նաև հնարավորություն կունենան շփվելու Խաչաց տան արտասահմանցի այցելուների հետ։
Մի խոսքով՝ մեր բաց հարթակը ուղղված է՝ նպաստելու Մեղրիի և շրջակա համայնքների երիտասարդների ինքնարտահայտմանն ու ինքնիրացմանը։