Չաո ՍՍՀՄ

Հայաստանում և, մասնավորապես, Երևանում վերջին 20 տարվա ընթացքում շատ արագ քանդվեցին և ոչնչացվեցին շատ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքեր:
Ականատես լինելով այդ ամենին և գիտակցելով կորստի անդառնալիությունը, ցանկացա որևէ կերպ պահպանել այդ շենքերի հիշողությունը և լուսանկարեցի շենքերի քանդման գործընթացը: Միաժամանակ, գիտակցելով, որ միայն լուսանկարելով չի պահպանվի պատմությունը, սկսեցի նաև հավաքել տարբեր տեսակի արխիվային նյութեր, կենցաղային իրեր, որոնք այսօր կարող են պատմել մեր քաղաքի խորհրդային պատմության մասին:

Այդ պատնությունը ամփոփվել է «Չաո ՍՍՀՄ» նախագծում, որը նկարահանվում է արդեն 7 տարի շարունակ, և հանդիսանում է իմ անձնական հավաքածուի միայն փոքր մաս:
«Չաո ՍՍՀՄ» ցուցահանդես-նախագիծը պատմում է Խորհրդային Հայաստանի մասին, որը ՍՍՀՄ փլուզումից հետո դարձավ հիշողություն: Այն փորձ է պահպանել հիշողությունը լուսանկարների և իրերի միջոցով, որոնք գտնվել են լքված և ժամանակին շատ հայտնի շենքերում, կինոթատրոններում և գործարաններում: Հավաքածուի յուրաքանչյուր առարկա իր մեջ պարունակում է մի ամբողջ սերնդի հիշողություն:

Բացի լուսանկարներից, որտեղ ներկայացված կլինեն պատմություն դարձած գործերի և շենքերի խրոնիկան, կներկայացվեն նաև այն իրերը, որոնք ես գտել եմ հին կրկեսից, Դվին հյուրանոցից, Արագիլ ռեստորանից, Զվարթնոց կինոթատրոնից, Երիտասարդականի գետնանցումից և Փակ շուկայից:

Լուսանկարների և ցուցադրված իրերի, ինչպես նաև ձայնային սարքավորումների օգնությամբ փորձ կարվի մարդկանց վերադարցնել իրենցից խլված հիշողությունը, որը կարծում եմ իրավունք ունի պահպանվելու ոչ միայն արխիվային նյութերի և լուսանկարների մեջ, այլ նաև իրական կյանքում:
Իսկ ավելի երիտասարդ սերնդի համար, ցուցահանդեսը կհանդիսանա աննախադեպ հնարավորություն ծանոթանալու Խորհրդային Հայաստանին ոչ միայն ծնողների պատմություններով, այլ նաև տեսնելով այդ ժամանակի մշակույթն ու առօրյան:

Ֆինանսավորված Yerevan կողմից (January 2015)