Պատահական Անցորդ. «Ձեռքի ուժը»
Որքան էլ մեզ հետաքրքրում են անծանոթները, մենք երբեք նրանց հարցեր չենք տալիս և փորձում ենք չխոսել նրանց հետ՝ սահմանափակելով շփումը միայն հայացքների փոխանակմամբ: Այնինչ, շատ հնարավոր է, որ պատահական անցորդը լինի մեր գաղափարակիրը, մեր ապագա գործընկերը, երկրորդ կեսը, լավ ընկերը կամ ուղղակի հերթական պատահական անցորդը, ում հետ կարող ես անցկացնել կյանքիդ ամենահիշվող 1 րոպեն, ժամը, օրը...
«Ձեռքի ուժը» նախագծի թիմով կենտրոնական սրճարաններին կից կտեղադրենք պատեր՝ 2 փորագրված ձեռքերով (նկարում տպագրված տարբերակն է), ձեռքերի միջով կանցնի LED լույս, որը կլուսացնի մութ ժամերի զրույցներն ու հանդիպումները և ձեռքերին շրջապատող տախտակը:
Մեր ծրագրի շնորհիվ պատահական անցորդները, տեղադրելով իրենց ձեռքերը հատուկ նախատեսված վայրում, կունենան հնարավորություն նոր ծանոթություններ ստեղծել, կիսվել օրվա դրական և բացասական լիցքերով, ստանալ խորհուրդներ անծանոթներից և վայելել հանդիպման րոպեները կից սրճարանում: Շրջապատող տախտակի վրա մարդիկ կգրեն իրենց մտքերը և այն մարդկանց անունները, ում հետ ծանոթացել են: Գրառումը կարող է ունենալ հետևյալ տեսքը. <<Այստեղ ես ծանոթացել եմ Արինա Մկրտչյանի հետ>>: Հարթակը միշտ կյանքով լի պահելու համար պարբերաբար կկազմակերպվեն միջոցառումներ և այդ օրը մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ և խոսել օրվա հյուրի հետ՝ ձեռքերը դնելով պատին: Մեր նոր Հայաստանում վստահ ենք որպես հյուր կարող ենք տեսնել ամենաբազում զբաղմունքների և մասնագիտությունների տեր մարդկանց՝ սկսած վարչապետից մինչ գործարար և արվեստագետ: Հանդիպումների արդյունքը կարող է լինել նոր ծրագրերի ստեղծում, կապերի հաստատում կամ ուղղակի զրույց բանիմաց մարդկանց հետ: