Փրկելը հիասքանչ է


Դինգո Թիմը ավելի քան 12 տարի է, ինչ զբաղվում է անտուն կենդանիների փրկության և որդեգրման հարցերով: Այն փրկել և տնավորել է հազարավոր կենդանիներ, որոնք փրկվել են մահից և մարդկային դաժան վերաբերմունքից: Ամեն փրկությունն իր պատմությունն ունի, ամեն փրկություն յուրովի հուզիչ է:
Կենդանիների նկատմամբ դրական վերաբերմունքի մշակույթի զարգացման հարցում չափազանց շատ կարևորելով ապագա սերունդների ճիշտ դաստիարակությունը՝ Դինգո Թիմն իր «Փրկելը Հիասքանչ է» նախագծով նպատակ ունի փրկության պատմություններից մեկը դարձնել հեքիաթի գիրք:
Դրա շնորհիվ երեխաների համար դեռ փոքր տարիքից անտուն կենդանիների փրկությունն ու որդեգրումը կդառնա անգիտակցական մակարդակով նորմալ ու սովորական երևույթ, չէ որ ի՞նչն է երեխաների վրա ավելի լավ ազդում, քան հեքիաթը:
Այս հեքիաթը, որը կդառնա կրթական նոր նախագծի առաջին քայլը, փոքրիկ Ջինայի պատմությունն է, ում մի բարի մարդ փրկում է խեղդվելուց, տանում տուն և նա դառնում է գեղեցիկ ընտանիքի մի երջանիկ անդամ:
Հեքիաթի հեղինակը Դավիթ Մակիչյանն է, նկարչուհին՝ Գոհար Սարգսյանը: